Երբ Ավինյանին ձեր տուն էիք թողում, չէի՞ք հիշում տիկին Գոհարին

Փաշինյանն ու Ավինյանը զորք են ուղարկել հայ մայրերի վրա: Ֆիքսեք այս արտահայտությունը` հայ մայրեր:
Այսպես են վանկարկում իրենց սոցիալական խնդրով փողոց դուրս եկած մի խումբ կանայք, որոնց մոտենում են ոստիկանները:
Կանանց խնդիրը, կրկնենք ու շեշտենք` սոցիալական է` տուն են ուզում:
Այս կանայք նաև պատմում են, որ 2023-ի քաղաքապետի ընտրություններից առաջ, ըստ ամենայնի, նախընտրական քարոզարշավի ընթացքում նույն այդ Ավինյանը տնետուն է մտել, խոստումներ տվել և այլն, բայց այստեղ կրկին առանձնացնենք կարևորը` «տնետուն է մտել»:
Վերադառնանք «Հայ մայրեր» արտահայտությանը. չնսեմացնելով որևէ հայ մոր` նշենք, որ անաչառ ընթերցողի մոտ այս արտահայտությունն առաջին հերթին ասոցացվում է որդեկորույս մայրերի հետ, ովքեր իրենց ամենաթանկը` իրենց որդիներին են տվել հանուն մյուս հայերի ու Հայաստանի: Հենց ա'յդ պատճառով մենք բոլորս մի տեսակ պարտք ունենք հենց այս մայրերին:
Գանք ցուցարար կանանց: Չէի՞ն տեսել, թե այդ նույն Ավինյանին ներկայացնող քաղաքական ուժի ղեկավարի` Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր անխոչընդոտ կազմակերպելու համար ինչպես էին 4 կողմից քարշ տալիս որդեկորույս մայրերին` հայ մայրերին: Չէի՞ն տեսել տիկին Գոհարին ոտուձեռքից քաշելով տանելու կադրերը: Վստահ ենք, տեսել էին ու... ու Ավինյանին իրենց օջախ` իրենց տուն էին թողել...
Հիմա գոռում են` Փաշինյանն ու Ավինյանը զորք են ուղարկել հայ մայրերի վրա: Իսկ ինչո՞ւ չպիտի ուղարկեն, երբ մենք` որպես հասարակություն, ի դեմս այս կանանց, տեսնելով, թե ինչպես են քարշ տալիս որդեկորույս ծնողին, նրանց երեսին դուռ չենք շրխկացրել ու չենք մերժել, այլ մեր տուն ենք թողել, մի լավ էլ դարդահան եղել նրանց հետ: Հետո նստել նրանց ուղարկած մեքենան ու գնացել ընտրել նրանց:
Հարգելի տիկնայք, եթե կարծել եք, որ դուք որևէ բանով առավել եք, օրինակ, տիկին Գոհարից, ապա չարաչար սխալվել եք: Ավելին` նա, առանց իր որդու, այսօր էլ ամեն առիթով պայքարում է նաև ձեզ համար, բայց ձեր խնդիրն իշխանության հետ միայն սոցիալական հողի վրա է:
Արժեհամակարգի հարց է թերևս:
Այդպես է` երբ համաձայնում եք օգտագործվել, ձեզ օգտագործում են, ձեր դեպքում` քարոզչական նպատակներով: Իսկ թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր համաձայնում են տուն թողնել որևէ ՔՊ-ականի, այսուհետ կլինի նաև ձեր օրինակը: