Ստեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը․ վերլուծաբան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է․
«Ստեղծվել է մանիպուլյատիվ մի ֆոն, ըստ որի, ընդդիմախոսել այսպես կոչված խաղաղության պայմանագրի վերաբերյալ, նշանակում է ընդդիմախոսել խաղաղությանը:
Այդօրինակ մանիպուլյատիվ ֆոնի եւ ընկալումների ձեւավորումը ոչ միայն անբարեխիղճ է, իսկ երբեմն էլ նույնիսկ անպարկեշտ, այլ նաեւ վտանգավոր է հենց Հայաստանի հանրապետության քաղաքական կենսունակության ու ճկունության տեսանկյունից:
Այսպես կոչված խաղաղության պայմանագրի բովանդակության, դրա ձեւավորման գործընթացի տրամաբանության հանդեպ ընդդիմախոսելը բացարձակապես չի նշանակում, թե այդ մարդիկ չգիտեն խաղաղության գինը, պատերազմահեն են, չեն հասկանում կայունության ու խաղաղության նշանակությունը Հայաստանի համար, եւ այլն, եւ այլն:
Ամբողջ հարցն այն է, որ խաղաղության պայմանագիր, այն էլ մի կողմի պահանջների եւ պայմանների գերակայությամբ մշակվող ու ձեւավորվող, ամենեւին չի նշանակում խաղաղություն: Ավելին, խաղաղության հուսալի ճանապարհ չէ նաեւ շանտաժի ներքո ծավալվող գործընթացը՝ «համաձայնեք, թե չէ պատերազմ կլինի» տրամաբանությամբ:
Ինչպես ասում է Աղասի Այվազյանը՝ հանձնվելը վերջ չունի, չի կարելի հանձնվել մի անգամ, դա միայն սկիզբն է դառնում:
Միջազգային հարաբերություններում ցանկացած խաղաղության «ցեմենտը» ոչ թե որեւէ փաստաթուղթն է, այլ ուժերի հավասարակշռությունը, լինի միկրո՝ անմիջապես հակամարտող կողմերի միջեւ, թե մակրո՝ գերտերությունների շրջանակով, մակարդակներում:
Բայց, կա նաեւ նվազագույն անհրաժեշտ մեկ այլ միկրոմակարդակ, դա այսպես ասած «շահառու» երկրների ներքին կյանքը: Եթե Հայաստանում չլինի այսպես կոչված խաղաղության պայմանագրի՝ այն էլ դրա ներկայիս բովանդակության, ինչպես նաեւ գործընթացի ներկայիս տրամաբանության սուր ընդդիմախոսություն, դա կնշանակի նվազագույն անհրաժեշտ բալանսի բացակայություն Հայաստանում»: