Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը. Զոհրաբյան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց Եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը: Այս մասին գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը:
«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը
Ինչպես գիտեք, Եհովայի վկաները` (1) բանակում չեն ծառայում, քանի որ գտնում են, որ զենք վերցնելը մեղք է, (2) դեմ են և չեն ընդունում արյան փոխներարկումը՝ որպես բժշկություն մեջ կիրառվող միջոց, (3) ազգության հիմքով թշնամիներ ճանաչելու գաղափարը չեն կիսում, (4) Եհովայի վկաների մոտեցումը «հայրենիք» հասկացությանը ևս որոշակիորեն տարբերվում է, ըստ նրանց հայրենիքն այն տարածքն է, որտեղ ապրում են, և գալու է ժամանակ, որ սահմաններ չեն լինելու։
2023թ աշնանը Արցախից արցախցիների բռնի տեղահանմանը հաջորդող ժամանակահատվածում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանա Տեր Զարեհ Աշուրյանը Եհովայի վկաներ հանդիսացող մի քանիսին էր մոտեցել և վերը հիշյալ թեմաների հետ կապված հարցեր էր ուղղել: Այդ օրվա միջադեպի առիթով Հայաստանի Հանրապետությունում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունը և մի խումբ Եհովայի վկաներ հայց էին ներկայացրել դատարան պահանջելով Տեր Զարեհ Աշուրյանից՝ բռնագանձել գումարներ և պարտադրել ներողություն խնդրել և հերքում հրապարակել:
14.03.2025 թվականին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գոհար Կոստանյանի նախագահությամբ վճիռ է կայացրել (գործ թիվ ԱՎԴ/14370/02/23) հայցը մերժելու մասին: