Բոյկոտը հաջողվել է. փետրվարի առաջին շաբաթում ուղեվարձերից բյուջե մուտք է արվել կրկնակից քիչ գումար. ավագանու անդամ

Փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում ուղեվարձերից բյուջե մուտք է արվել կրկնակից ավելի քիչ գումար, այսինքն բոյկոտը հաջողվել է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Հիմա մենք ունենք մեկ խնդիր՝ պահպանել տեմպը, շարունակել մեր իրազեկման ակցիաները, որովհետեւ անընդհատ ստանում ենք տեղեկատվություն, որ վարորդները սկսել են իրենց պահել ագրեսիվ, մեքենաները կանգնեցնում են, մարդկանց սադրում են կոնֆլիկտների: Հայկ Կոստանյանը (քաղաքապետի խոսնակ-խմբ) խոսել է այն մասին, որ անթույլատրելի է, որ քաղաքացիները դիմում են ագրեսիայի, բայց լավ կլիներ, որ լինել օբյեկտիվ եւ ասեր նաեւ, որ անթույլատրելի է, որ մարդիկ անում են բաներ, որոնց համար լիազորված չեն օրենքով: Օրինակ, վարորդն իրավունք չունի մեքենան կանգնեցնի, ասի՝ մեքենան չեմ վարելու, հեսա քաղաքապետարանի աշխատողները կգան, ձեզ կասեն՝ որը որից հետո է»,-ասաց նա:
Ավագանու անդամն ասաց, որ այսօր իրազեկման ակցիան սկսել են բուհերից. «Ուրախացնում է փաստը, որ տեսնում ենք դրական ռեակցիա ուսանողության կողմից: Երիտասարդությունը պետք է իմանա, որ այս պրոցեսի շարժիչ ուժը պետք է լինեն իրենք: Մենք ձեզ կոչ ենք անում պաշտպանել սեփական իրավունքները»,-ասաց նա: