Թուրքիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների ծեծկռտուքի պատճառով

Թուրքական Pegasus ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Էրզրումի օդանավակայանում՝ Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիների միջև ծեծկռտուքի պատճառով։ Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։
Անթալիայից Աստանա թռչող ինքնաթիռում ծեծկռտուք է սկսվել ուկրաինացի ամուսինների և Ղազախստանի երկու քաղաքացիների միջև։
«Ծեծկռտուքի պատճառով օդաչուն ստիպված է եղել ժամը 02:00-ին վայրէջք կատարել Էրզրումի օդանավակայանում»,- հայտնել է հեռուստաալիքը։
Էրզրում ժամանելուն պես կոնֆլիկտի մեջ մտած ուղևորները բողոքել են միմյանցից և տարվել ոստիկանական բաժանմունք։ Կռվի պատճառը չի նշվում։
Վառելիքը լիցքավորելուց հետո ինքնաթիռը մեկնել է Աստանա, ուր էլ մի քանի ժամ անց բարեհաջող վայրէջք է կատարել։