Ինչու են հանդիպել Դանիել Իոաննիսյանն ու Արգիշտի Քյարամյանը

Դեռ անցած տարվա նոյեմբերին, երբ Նիկոլ Փաշինյանը SMS-ով ազատեց Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին, կամ, ինչպես իրենք են ասում՝ հորդորեց հրաժարական տալ, պաշտոնը մնաց թափուր։
Այս ընթացքում հայտարարվել է մրցույթ, որին հայտ է ներկայացրել 5 թեկնածու։ Այս պահին մրցակցությունը գնում է 4-ի միջև։ Նրանց մեջ է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, ով պաշտոնին նշանակվել է ընդամենը մեկ ամիս առաջ: Մինչ այդ նա Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր է եղել:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով` նրա թեկնածությունն ամրապնդելու նպատակով, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանին։
Հանդիպումը եղել է ուրբաթ օրը՝ փետրվարի 7-ին։ Մեր տեղեկություններով` հանդիպման նախաձեռնությունը Քյարամյանինն է եղել, որպեսզի փորձի մեղմել Իոաննիսյանի պաշտոնական հարցումը։
Դանիել Իոաննիսյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ հանդիպում իսկապես տեղի է ունեցել։ Թե որ օրն է եղել՝ կոնկրետ չի հիշում, բայց նա այդ հանդիպման մեջ ոչ մի արտառոց բան չի տեսնում։
«Ես հանդիպում եմ բոլոր նախկին և ներկա այն պաշտոնյաների հետ, ովքեր թեկնածուների վերաբերյալ ունեն ինֆորմացիա և կարող են օգտակար լինել այդ հարցում»,- ասաց Իոաննիսյանը։
Հարցին, թե՝ ո՞ր թեկնածուի շուրջ էր իր և Արգիշտի Քյարամյանի զրույցը, արդյոք դա Արթուր Նահապետյա՞ն էր, Իոաննիսյանը հարցով արձագանքեց․ «Արթուր Նահապետյանն ո՞վ է»,-ապա, մեզնից ստանալով պատասխան, նշեց, որ ինքը կարող է հանդիպել ում ուզի՝ տեղեկություն ստանալու համար։ Նա այդպես էլ չմանրամասնեց, թե կոնկրետ որ թեկնածուի մասին և ինչ է խոսել Քյարամյանի հետ։
Իոաննիսյանն ընդգծեց, որ սկզբունքորեն չի հանդիպում միայն հենց թեկնածուների հետ, չի շփվում նույնիսկ հեռախոսով, իսկ բոլոր նրանք, ովքեր կարող են ինֆորմացիա տալ թեկնածուի մասին, սիրով կահանդիպի և կլսի։
«Եթե Դուք էլ ունեք ինչ-որ տեղեկություն՝ ես Ձեզ էլ կհանդիպեմ»,-ասաց նա։
Արմինե Մկրտումյան