Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյան 2 տարով պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվել է․ Ազատություն

Ազատությունը գրում է․
Դատարանը երկու տարով պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկել է Վանաձորի համայնքապետարանի բնակարանային տնտեսության և համատիրությունների բաժնի պետ Արեն Անանյանին՝ պաշտոնի անցնելիս կեղծ դիպլոմ ու աշխատանքային ստաժի կեղծ տեղեկանք ներկայացնելու համար: Նաև 400 հազար դրամի տուգանք է սահմանել:
Դատավճռի հետ Անանյանը համամիտ չէ, ասում է, կբողոքարկեն:
Չնայած քաղաքապետարանի պաշտոնյայի արդարության փնտրտուքներին, դատաքննության ընթացքում դիպլոմը փորձաքննություն է անցել, ու փորձագետներն ապացուցել են, որ այն ոչ թե Ռուսաստանի Իվանովոյի պետական համալսարանից ստացած պաշտոնական փաստաթուղթ է, այլ ընդամենը լազերային տպիչ սարքով արված կեղծ մի բան:
«Դիպլոմը նմանակված է՝ ո՛չ պաշտպանական մանրաթելեր կան, ո՛չ ջրանիշ, սերիական համարանիշով գրառումը կատարվել է լազերային տպիչ սարքով: Միայն այն հանգամանքը, որ սերիական համարանիշով գրառումը լազերային եղանակով է տպված, անգամ կարիք էլ չկա մնացած հանգամանքներին անդրադառնալու։ Դիպլոմը կեղծ է։ ՌԴ-ում պետական ստանդարտ թողարկման պետական կնիք ունեցող ոչ մի փաստաթուղթ նման որակի չի լինում»։
2021-ից Լոռու մարզպետարանում և Վանաձորի համայնքապետարանում պաշտոններ զբաղեցրած Արեն Անանյանի կենսագրության մեջ նշված է, թե 2013-17 -ը Ռուսաստանի Օստրոգոժսկ քաղաքի ընկերություններից մեկում փաստաբան է աշխատել: Դատարանը հարցումներ է արել ու բոլոր կառույցներից հերքումներ ստացել, Անանյանը ոչ ուսանող է եղել, ոչ ընկերության աշխատող, ոչ էլ գրանցված փաստաբան: Ավելին, նա իր ուսանողության ու աշխատանքային տարիներին Ռուսաստանում չի բնակվել:
Արեն Անանյանը դատարանում ցուցմունք չի տվել: Նախաքննության ընթացքում ասել է, թե առցանց՝ Skype-ով է մասնակցել համալսարանի դասերին ու իրավաբանի մասնագիտություն ձեռքբերել: Ավելին, ընկերությանն իրավաբանական ծառայություններ է մատուցել՝ դարձյալ Skype-ով, ինչը դատարանին համոզիչ չի թվացել: Միևնույնն է՝ Անանյանն առանց այս ապացույցներին անդրադառնալու, պնդում է՝ ռուսաստանյան բուհից ստացված պատասխանում և իր դիպլոմի սերիական համարում մեկ թվի անհամապատասխանություն կա: Հենց այս հիմքով էլ պատրաստվում է բողոքարկել դատավճիռը:
Փաստաթղթեր կեղծելու համար դատապարտված Արեն Անանյանը 2021-ի տեղական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ավագանու անդամ էր ընտրվել ու հրաժարվել մանդատից մարզպետարանում պաշտոնավարումը շարունակելու համար: Նա, որ պնդում է, թե իր դեմ սխալ դատավճիռ է կայացվել, նշում է՝ իր դեմ քրեական գործը պատվիրատու ունի՝ առանց բացահայտելու՝ ո՞ւմ կամ ո՞ր ուժերին է կասկածում:
Մեղադրողն ավելի մեծ՝ մեկ միլիոն 400 հազար դրամի տուգանք էր պահանջել քաղաքապետարանի պաշտոնյայի նկատմամբ: Դատարանը երեքուկես անգամ մեղմ պատիժ է սահմանել: Դատախազությունից «Ազատությանն» ասացին՝ «դատական ակտն ստանալուց հետո կքննարկվի վերաքննիչ բողոք տանելու հարցը»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում