Հայաստանը պետք է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարի․ Միխայիլ Գալուզին

Ռուսաստանում Արևմուտքի գիծը Հարավային Կովկասում համարում են բացարձակ ապակառուցողական, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ փորձելու «նպաստել» այս թևից մեզ ռազմավարական պարտություն կրելուն։
Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Միխայիլ Գալուզինը։
Խոսելով Հայաստանի և Արևմուտքի սերտ համագործակցության մասին՝ Գալուզինը նշել է, որ պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հայ հասարակությունը և հայ ժողովուրդը ինքնիշխան որոշումներ են կայացնում՝ ինչպես կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը և ինչպես դասավորել իրենց երկիրը միջազգային հանրությունում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հիշեցրել է, որ Մոսկվան հստակորեն մատնանշել է Երևանին Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանը միաժամանակյա անդամակցության անհնարինությունը։ Սրանք բոլորովին տարբեր համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինել ուղղակի անհնար է։
Գալուզինի խոսքով՝ Եվրամիությունը Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցներին հավատարիմ մնալ՝ դրա դիմաց Երևանին կոնկրետ որևէ բան չխոստանում։
«Եվ այս ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով։ Հայ քաղաքական գործիչները երբեմն ասում են, որ հայ հասարակության մեջ տրամադրություն կա ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Նման տրամադրություններ, հավանաբար, կան, բայց, ինչպես կարծում ենք, նույնքան ուշադրության արժանի են Հայաստանի այն քաղաքացիների տրամադրությունները, ովքեր մտածում են իրենց երկրի ապագայի մասին եվրասիական ընտանիքում և եվրասիական ինտեգրման շրջանակներում»,-նշել է Գալուզինը։