Սաուդյան Արաբիան Ռուսաստանից 2 միլիարդ եվրոյի զենք է գնել

Սաուդյան Արաբիան Ռուսաստանից ավելի քան 2 միլիարդ եվրոյի զենք է գնել։
Ինչպես հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով հետաքննությանը, Սաուդյան Արաբիայի իշխանությունները Rostec-ի դուստր ընկերության՝ Rosoboronexport-ի հետ պայմանագիր են կնքել 2021 թվականին։
Գործարքի շրջանակներում Սաուդյան Արաբիան պետք է ստանար 39 Pantsir-S1M հակաօդային պաշտպանության համակարգ, 10 շարժական հրամանատարական կետ, ինչպես նաև 2,2 միլիարդ եվրո արժողությամբ մի քանի հարյուր հրթիռներ, լրացուցիչ մեքենաներ և ռադիոկապի համակարգեր։
Փաստաթղթերը ցույց են տալիս, որ զենքի մի մասը երկիր է մատակարարվել 2023 թվականին՝ ուկրաինական պատերազմի սկսվելուց մեկ տարի անց։
Նշվում է նաև, որ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանից զենք գնելը շարունակել են նաեւ Չինաստանը, Հնդկաստանը, Ալժիրը եւ Եգիպտոսը։