Արարատի մարզում «Mercedes»-ը բախվել է բետոնե սալիկներին. կան տուժածներ

Հունվարի 20-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Վեդի խոշորացված համայնքի Տափերական գյուղի վարչական տարածքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Կայքի փոխանցմամբ, Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Էդգար Ի.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա քարե սալիկների համար նախատեսված գովազդային ցուցանակին, առաջ ընթացել, բախվել գետնին եղած բետոնե պանելին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները ամուսիններ են: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վեդիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: