Ընկալումը, թե՝ ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պետք է փոխվի․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսել է ընտանեկան բռնության մասին և հայտարարել, որ կան երեխաներ, ովքեր կրթությունից դուրս են մնում ամենատարբեր հանգամանքներից ելնելով․ օրինակ՝ բռնության հետևանքով։
Մինչ այդ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց «Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը, որը նախատեսում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացիա։
Ըստ փոխնախարարի՝ նախազգուշացված անձինք կամավոր են ռեաբիլիտացվելու, իսկ պաշտպանական որոշում ունեցող ընտանեկան բռնություն գործադրած անձը պետք է ռեաբիլիտացվի։
Փաշինյանն էլ նկատեց, որ կա ընկալում, թե՝ ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, բայց այդ ընկալումը փոխվում է և անհրաժեշտորեն պետք է փոխվի։
«Սա որևէ կերպ կասկածի տակ չի դնում մարդու անձնական կյանքի անձեռնմխելիությունը, իսկ այս ընտանեկան կամ կենցաղի անձեռնմխելիությունը գործում է այնքան, քանի դեռ այնտեղ չեն ոտնահարվում հանրության շահերը։ Պատերից ներս որևէ տեսակի բռնություն ուղիղ առնչվում է նաև հանրության շահերին»,- հայտարարեց Փաշինյանը՝ բացատրելով, որ դրանց չարձագանքելն այլ դրսևորումներ էլ է լինելու։
«Բռնությունը, երբ տան մեջ կուլտուրա է, այն տնից դուրս է գալիս բակ, բակից՝ թաղ, թաղից՝ դպրոց»,-ասաց նա։
Փաշինյանի դիտարկմամբ, երեխաները հաճախ կրթությունից դուրս են մնում ընտանեկան տարբեր հանգամանքների հետևանքով։
«Մենք պետք է հասկանանք, թե ընտանիքների կողմից մանկական աշխատանքը ինչքանով է երեխաներին կանխարգելում պատշաճ կրթություն ստանալ ու կրթության հասանելիության իրավունքը»,- ասաց նա։