Պարադոքս․ կողմնորոշվեք՝ հիմա հանգիստը խանգարո՞ւմ է, թե՞ օգնում տնտեսական շարժին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով 7 ժամ՝ օրական 8-ի փոխարեն, շաբաթական 35 ժամ՝ 40-ի փոխարեն՝ պահպանելով աշխատավարձը։
Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն այս որոշումը դրական է գնահատել և մասնավորապես ասել է, թե՝
Իհարկե, այս որոշման հետ կապված գուցե հնչեն տարբեր կարծիքներ ու գնահատականներ, սակայն այստեղ մեկ ուրիշ հարց է առաջ գալիս։
Հավանաբար, շատերն են հիշում Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին, ով նախագիծ էր ներկայացրել կառավարություն՝ կրճատելու հանգստյան օրերը։
Այն ժամանակ բուռն քննարկումներ եղան, բայց Քերոբյանը պնդեց ու համոզեց, որ հանգստյան օրերը «Հայաստանի տնտեսական կյանքից ջնջում են օրեր», որոնք կարող էին ուժեղացնել տնտեսությունը։
Իհարկե, Քերոբյանն այսօր չկա կառավարությունում, բայց այդ նույն (դե, գրեթե նույն) կառավարությունն է ու այդ կառավարության նույն գլուխը, ովքեր այն ժամանակ ողջունեցին գաղափարը, ժպտացին, համաձայնվեցին ու օրացույցից հանեցին հանգստյան օրերն ու ժամերը։
Հիմա կառավարությունում իրավիճակ է փոխվել․ գործադիր մարմնի գլուխը պարզել է, որ հանգիստն օգնում է աշխատել ու նպաստել տնտեսության զարգացմանն ու կայունացմանը։
Դժվար է ասել՝ նա դա պարզել է հանգստանալու պահի՞ն, թե՞ հանգստից հետո, բայց ակնհայտ է, որ այս ամենը պարադոքս է։
Հատկապես, որ այն ժամանակ կրճատել են ընդամենը Ամանորյա հանգստից մի քանի օր, իսկ այս դեպքում՝ ամեն աշխատանքային օրից մեկ ժամ է պակասելու։
Մի խոսքով, ուզում ես ասել․ կողմնորոշվեք՝ հիմա հանգիստը խանգարո՞ւմ է, թե՞ օգնում տնտեսությանը։
Անկեղծ ասած` երբ կառավարությունն այսչափ անկայուն է իր որոշումներում, այդ որոշումների արդյունքում որևէ ոլորտում կայունությունն ակնկալելը ոչ միայն անիրատեսական է, այլև պարզապես ծիծաղելի։ Ու այս պարագայում անգամ էական չէ՝ հանգստյան ժամերը շա՞տ են, թե՞ քիչ։
Արմինե Մկրտումյան