Դա չի կարող լինել «խաղաղության» օրակարգ․ դա «խաղաղ կապիտուլյացիայի» օրակարգ է․ վերլուծաբան
Նիկոլ Փաշինյանից հատկապես այս փուլում գուցե բոլորովին չէր պահանջվում Ալիեւին ասել, թե՝ ֆաշիստը դու ես: Այս մասին գրում է վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած սպառնալիքների։
«Լավ, «հարգենք» կանխավարկածը, որ նա չհակադարձելով այդպես, խուսափեց սիմետրիկ սրության «ծուղակից», որ նրա համար հյուսում էր Ալիեւը:
Բայց, իր արձագանքի բովանդակությամբ, Նիկոլ Փաշինյանն է Ալիեւի համար կամա, թե ակամա «հյուսում» Հայաստանի հասցեին այդօրինակ մտացածին մեղադրանքների «լեգիտիմության բույնը»:
«Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը», Արմենպրեսին ասում է Նիկոլ Փաշինյանը:
Փաստացի, նա նույնացնում է պատկերը եւ բերում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հավասարության նշանի: Եվ դա այն դեպքում, երբ ակնառու է, որ Հայաստանը չի եղել ֆաշիստական պետություն, չի վարել ֆաշիստական պետությանը բնորոշ պետական քաղաքականություն, ի տարբերություն Ադրբեջանի, որը առնվազն 2003-04 թվականից սկսած առ այսօր ըստ էության վարում է հենց այդ քաղաքականությունը, եւ բազմաթիվ են դրա օրինակները:
Կրկնեմ, կարող է հասկանալի լինել, որ Փաշինյանը խուսափի այս փուլում «ֆաշշիստը դու ես» հակադարձումից, ինչպես ինքն է ասում: Բայց հասկանալի չէ, երբ նա Ալիեւի անհիմն, մտացածին մեղադրանքը՝ Ադրբեջանի հասցեին հիմնավոր մեղադրանքների բազմության ու բազմազանության պայմաններում, բերում է այսպես ասած հայելային վերացականության դաշտ:
Դա ոչ միայն հասկանալի չէ, այլ նաեւ տարակուսելի է: Դա չի կարող լինել խաղաղության օրակարգ: Դա կարող է լինել պարզապես «խաղաղ կապիտուլյացիայի» օրակարգ»։