Ցինիզմ․ իր ու պաշտոնյաների աճող աշխատավարձը թողած՝ Փաշինյանը մուննաթով թոշակառուի խղճուկ փողերն է հաշվում
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը փորձում էր իրեն համոզել, մեզ վստահեցնել, թե՝ թոշակները երբեք այնքան շատ չեն ավելացել, որքան իր կառավարման տարիներին։
Ճի՛շտ է, նա 2018-ից սկսված իր կառավարման տարիներից ընդամենը 5-ն էր հիշատակում, սակայն միևնույն ժամանակ խոստովանում էր, որ 4 անգամ է ավելացրել։
Ուշադրություն ո՛չ թե քառակի, այլ ընդամենը հենց 4 անգամ՝ հաշված դրամներով։ Իսկ ավելի կոնկրետ՝ 1000-2000 դրամով։
Եվ սա ասում էր այնպիսի արհամարհական տոնով, կարծես բարեգործություն էր արել իր ստորադասներին։
Բացի այդ, Փաշինյանն այդ ավելացրած երկու դրամի դիմաց ուզում է, որ թոշակառուն ինչ-որ ջանք գործադրի՝ պետության կայացման համար։
«Ու ոչ մի վատ բան չկա, որ թոշակառուները նույնպես ջանք գործադրեն»։
Իհարկե, չի խոսվում այն մասին, որ յուրաքանչյուր թոշակառու, իր աշխատելու տարիներին արդեն իսկ ջանք գործադրած տարեց է, ով այսօր փորձում է վայելել վաստակած հանգիստը։ Փորձում է, քանի որ նրա ստացած մի քանի հազար դրամը հազիվ թե կարելի է տասնյակ տարիներ շարունակ կատարած գործի վաստակած հանգիստ համարել:
Սա իր հերթին, մյուս կողմից էլ, շատ հետաքրքիր է, երբ Փաշինյանը մուննաթով հայտարարում է, թե՝ 4 անգամ 2000 դրամով թոշակ է բարձրացրել, մտքով չի՞ անցնում, որ այդ նույն ժամանակահատվածում ինքը և իր կառավարության անդամները քանի անգամ ավելի բարձրացված աշխատավարձ են ստանում․ դեռ մի բան էլ՝ հավելավճարներ, պարգևավճարներ ու 13-րդ աշխատավարձ։
Մինչդեռ թանկացումներն օր-օրի ավելանում են, ու գնալով ապրելը դառնում է ավելի դժվար։
Օգտվել անվճար պադավատներից, ինքնաթիռներից, կառավարության կողմից վճարվող կոմունալ սպասարկումներից, ստանալ կլորիկ եկամուտ ու մուննաթ գալ թոշակառուների վրա, թե՝ լսե՛ք, ձեր թոշակը բարձրացրել ենք 2000 դրամով, մեղմ ասած, ցինիզմ է։
Արմինե Մկրտումյան