Հառիճավանքը ներկայացվում է ադրբեջանական ժառանգություն
Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագիրն արդեն երկրորդ անգամ Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Թաթոյան» հիմնադրամը:
«Ադրբեջանական իշխանական հեռուստաընկերությունը Հայաստանի Շիրակի մարզի Հառիճավանք վանական համալիրը պատմական փաստերի կեղծումով ներկայացնում է՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի» մշակույթի մաս։
Այս տեսանյութում Հառիճավանքը ներկայացվում է՝ որպես ալբանական կրոնական, մշակութային ժառանգություն։ Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Տեսանյութը հայերի դեմ ռասիստական և թշնամանքի ադրբեջանական պետական քարոզի մաս է, որով հետևողական կեղծիքներով ստեղծվում են Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմքեր։
Հառիճավանքը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վանական համալիրներից է, հիմնադրվել է վաղ միջնադարում և պատմականորեն եղել է ոչ միայն հայոց հոգևոր կենտրոն, այլև կրթական և մշակութային կարևոր օջախ»: