Ադրբեջանում սպառնացել են, որ կհարվածեն Հայաստանի ռազմական ենթակառուցվածքներին
Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ուղղակի սպառնալիքի դեպքում կանխարգելիչ հարված հասցնել հայկական ռազմական ենթակառուցվածքներին։
Այս մասին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Ռովշան Իբրահիմովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ռևանշիստական ուժերի գործունեության մասին։
«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում կանխարգելիչ հարված հասցնել հայկական ռազմական ենթակառուցվածքին, եթե Հայաստանի սպառազինությունների մրցավազքը և ռազմականացումը դիտարկվեն որպես ուղղակի սպառնալիք Ադրբեջանի համար»,- կարծում է փորձագետը։
Միաժամանակ նա մատնանշել է մի շարք գործոններ, որոնք կարող են ազդանշան ծառայել Բաքվի կողմից ակտիվ գործողություններ սկսելու համար։
«Գործողություններ սկսելու համար կոնկրետ գործոններից են բավականին բարձր մակարդակի ռազմականացումը՝ հարձակողական բնույթի զենքերով, այդ զինատեսակների տեղակայումը Ադրբեջանի հետ պայմանական սահմանին մոտ: Այդ ամենը սպառնալիք է Ադրբեջանի անվտանգության և տարածքային ամբողջականության համար»,- պարզաբանել է քաղաքագետը։