Մի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը․ հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Վահե Դոխոյանը՝ ՏԿԵ նախարարին
Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն արձագանքել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես նշել է.
«Լսեցի ՏԿԵ նախարար Խուդաթյանի հայտարարությունը Վանաձորի ընտրությունների մասին
Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ հստակ հարցին, թե Վանաձորում ընտրություններ լինելու են, թե ոչ, նախարարը պատասխանում է ինչ-որ անհասկանալի մտքերով, թե Վանաձորում ճգնաժամ չկա, համայնքում ավագանին նորմալ աշխատում է, մեծածավալ աշխատանքներ են արվել, հավանաբար նկատի ունենալով ասֆալտը, և այլն...
Ճանապարհը վերանորոգելու տեսանկյունից, ինչ արել եք լավ եք արել, մի բան էլ քիչ եք արել և պարտավոր էիք անել ավելին իսկ վանաձորցու ձայնը ո՞վ պետք է հաշվի առնի:
Այսինքն 5 տարվա ընթացքում ավագանու ոչ մի ՀԵՐԹԱԿԱՆ նիստ չի՞ գումարվելու, օրենքին համաձայն ՏԻՄ մարմինները չե՞ն գործելու:
Եթե դա նորմալ է, ապա ինչո՞ւ եք կազմակերպում ընտրություններ, բոլոր համայնքերում նշանակեք պաշտոնակատարներ, արեք արտահերթ նիստեր և առհասարակ տեղական ինքնակառավարումը վերացրեք…
Ստեղծված վիճակը նշանակում է տեղական ժողովրդավարության վերացում, ինչի դեմ պայքարելու ենք ամբողջ ուժով։
Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը։ Վանաձորում իշխանություն ձևավորողը Վանաձոր համայնքի բնակիչն է, այլ տարբերակ չի կարող լինել՝ Վանաձորում հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ»։