«Գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպոստ՝ խնդրեմ, կամ ուղղակի տարածք՝ խնդրեմ, բայց ոչ պետություն»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ 2 ձեռքի մատների վրա հաշված մարդիկ են, որ էնքան շատ փող ունեն, որ շատ են ծախսում։ Փաշինյանը չի հաշվել և «էքսպրոմտ» հայտարարեց, որ նույնիսկ նրանք իրենց ընտանիքի վրա այնքան չեն ծախսում, որքան պետական բյուջեից է ծախսվում նրանց ընտանիքի համար։
«Այսինքն՝ ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ չի ծախսում, քան ծախսում է ՀՀ պետական բյուջեն․ մանկապարտեզ, ճանապարհ․․․ էս ամեն ինչը, որ հաշվենք, կտեսնեք, որ պետական բյուջեից ավելի շատ է ծախսվում»,- ասաց նա։
Փաշինյանը բացառում է, որ ամեն ընտանիք ինքը իր համար ծախսի ավելի շատ, քան ծախսում է նրա համար պետական բյուջեն։
«Ասում են՝ ոնց որ մսներից պոկեք, որ պետական բյուջեին հարկ ենք մուծում, փող ենք տալիս, ոնց որ թշնամուն, հակառակորդին են տալիս»,- ասաց նա։
Փաշինյանի գնահատմամբ` մեր մենթալիտետի մեջ մտած է, որ մեր պետությունը թշնամին է, մեր պետությունը մեր հակառակորդն է։
«Դա ԴՆԹ մակարդակի գիտակցություն է՝ չենք էլ հասկանում, թե ինչ ենք անում։ Մեր ամենօրյա բառապաշարի մեջ, մեր հուշարձանների ու դրանց գրառման մեջ, դասագրքերի մեջ․․․ ամեն ինչ արված է, որ պետություն չլինի։ Գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպոստ՝ խնդրեմ, կամ այլ բան, ուղղակի տարածք՝ խնդրեմ, բայց ոչ պետություն, որովհետև թալանում են»,- ասաց նա։