Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, դե կառավարությու՛ն, արի, հլը տես` ինչ ես անում. նույնն է, թե ասես՝ մրսում եմ, շորդ հանի, տուր հագնեմ․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ ինքն ամեն օր 20-30 նամակ է ստանում. քաղաքացիները դիմում են նրա օգնությանը, գրում են, որ վարկ են վերցրել և չեն կարողանում փակել։
Ըստ Փաշինյանի` հանրության մեջ մինչև վերջ ընկալված չէ, որ վարկի վերցնելը ռիսկ է և պատասխանատվություն:
Նա ընդգծեց, որ ամեն կոպեկի, լումայի հետ վարվելու կուլտուրան շատ կարևոր բան է:
«Մենք մեր քիչ ու շատ փողի հետ ո՞նց ենք վարվում, այստեղ է բարեկեցության ու տնտեսական զարգացման հիմքը: Ամեն վարկ վերցնող պետք է իրեն հաշիվ տա, էլ չեմ ասում այդ երկար պատմությունները՝ գյուղվարկ վերցնեմ, գնամ «Նիվա» առնեմ, «Նիվա»-ն գցեմ ձորը, դե կառավարությո՛ւն, արի տես` հլը ի՞նչ ես անում: Մենք, որտեղ կա օգնության կարիք, օգնում ենք, բայց պետք է նաև ասենք՝ հարգելիներս, այդպես չէ: Այդ գործելակերպն անընդունելի է, և մենք դրա մասին պետք է ասենք»,- ասաց նա: