Բաքուն պահանջում է Հայաստանում ԵՄ առաքելության ավարտը. Հաջիև
Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, Բաքուն հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության որևէ առաքելության առկայության անհրաժեշտություն չի տեսնում։
«Այս առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը Պրահայում համաձայնեցվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այս առաքելությունն ի սկզբանե նախատեսված էր որպես կարճաժամկետ առաքելություն։ Սակայն, ինչպես տեսնում ենք, այն դառնում է մշտական առաքելություն, ընդլայնվում են նրա կազմը և մանդատը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղության պայմաններում իրականացվող սահմանազատման գործընթացին երրորդ կողմի մասնակցության անհրաժեշտություն չենք տեսնում։ Մենք նաև Եվրամիության առաքելությունը չենք համարում տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը նպաստող գործոն։ Ընդհակառակը, դրա առկայությունը մտահոգություն է առաջացնում»,- նշել է Հաջիևը։