«Օրենքով գող» շահումյանցի Ժիրոն եւ իր մարդիկ «ճռիկ-վռիկ» են արել․ «Հրապարակ»
![«Օրենքով գող» շահումյանցի Ժիրոն եւ իր մարդիկ «ճռիկ-վռիկ» են արել․ «Հրապարակ»](/timthumb.php?src=disc/06-12-24/e47ae9c4be5de5d07c3719e60b140506.jpg&w=780)
«Հրապարակ»-ը գրել է․
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հերթական մասկի-շոուն էր կազմակերպել՝ «հավաքելով» գողականներին։ Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության դիմակավորված ոստիկանները Երեւանի տարբեր հատվածներից «ասֆալտին էին փռել» օրենքով գողերի, մասնավորապես, Շահումյանցի Ժիրոյին, Նարդոսցի Սերգոյին, Գյումրեցի Սուրոյին։
Այդ օրը ապօրինի զենք-զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով 3 անձ էր ձերբակալվել եւ տեղափոխվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե այս դեպքերով վարույթներ կա՞ն, ինչ են հայտնաբերվել այդ անձանց մոտ եւ ինչ հոդվածով են նրանք մեղադրվում, մեզ պատասխանեցին․
«Հինգ անձ էր ներկայացվել նախաքննական մարմնին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ։ Նախաքննությունը շարունակվում է․ ներկայում արգելանքի տակ գտնվող անձ չկա։ Այս պահին նշված վարույթով քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա»։
ՔԿ-ից այլ տեղեկություններ չհաղորդեցին, սակայն «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ քրեական վարույթը կապված է Շահումյանցի Ժիրոյի եւ նրա «տղերքի» հետ։ Չհայտնաբերելով զենք-զինամթերք, իրավապահները խուլիգանության հոդվածով են վարույթ հարուցել։ Խուլիգանությունը, որն ըստ իրավապահների, կատարել են Ժիրոն եւ նրա մարդիկ, «ավտոմեքենաները ոչ պատշաճ վարելու, ՃԵԿ կանոնները խախտելու» հետ է կապված, ասել է, թե` փողոցներում «ճռիկ-վռիկ» են արել։
ՆԳՆ-ի այս հերթական շոուն, ըստ էության, կազմակերպվել էր Նիկոլ Փաշինյանին գոհացնելու համար, քանի որ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, թե` «ճռիվ-վռիկներ» են անում, եւ դիմելով իրավապահ համակարգին ասել էր՝ իր համբերության բաժակը լցվել է։