Արբանյակային կապի գլոբալ համակարգի ներդրումը կբարելավի նաև Հայաստանի ինտերնետային անվտանգությունը. ԲՏԱ փոխնախարար
Հայաստանում արբանյակային կապի գլոբալ համակարգերի ներդրումը ենթադրում է դրանց շահագործման կանոնների սահմանում, որոնք կոչված են հստակեցնելու հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցման, այդ թվում՝ արտոնագրման գործընթացի և համապատասխան ռադիոհաճախականությունների օգտագործման նոր կարգը։
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, պայմանավորված է այն հանգամանքով, որ արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է և առաջին անգամ է մատուցվելու նշված տեխնոլոգիայի միջոցով ծառայություն։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուտով կհայտարարի արբանյակային կապի գլոբալ համակարգի նոր ընկերության հայաստանյան ներկայացուցչին արտոնագիր տրամադրելու մասին։
Ըստ այդմ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգի» վերաբերյալ փոփոխությունների և լրացումների մասին օրենսդրական նախագիծ։
Արբանյակային կապի գլոբալ համակարգերով շահագործվող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով ինտերնետ ծառայությունների մատուցումը էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նոր գործունեության տեսակ է, և ինչպես ցանկացած հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի գործունեության տեսակ, այն կազմակերպելու համար պահանջվում է սահմանել ցանցերի շահագործման թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման նոր պայմաններ և կանոններ:
«Դա օրենքի պահանջ է, և համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ «եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց ռադիոհաճախականությունների օգտագործելու համար պահանջվող թույլտվության»- նշել է Գևորգ Մելիքսեթյանը։
Փոխնախարարը նշել է նաև, որ քանի որ հեռավոր և սահմանամերձ այն բնակավայրերը, որտեղ մեծ ֆինանսական ծախսերի պատճառով կապի օպերատորների կողմից շարժական և ֆիքսված ինտերնետ կապի ենթկառուցվածքներ չեն կառուցվել, արբանյակային ինտերնետ կապը կապահովի լայնաշերտ ինտերնետի հասանելիություն Հայաստանի ողջ տարածքում:
ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանի խոսքով՝ նախարարությունը Հայաստանում գործունեություն ծավալելու առաջարկներ է ստացել արբանյակային կապի գլոբալ համակարգերի ևս մի քանի ընկերություններից, որոնց մասով ընթանում են քննարկումներ։ Նա նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե դրանցից որոնք ցանկություն կհայտնեն գործունեություն ծավալելու Հայաստանում։
Մանրամասն՝ այստեղ։