Փաշինյանի հրամանով Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է պաշտոնից․ նա ԱԺ-ում կփոխարինի Նարեկ Զեյնալյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, որոշում է ստորագրել Ալեքսանդր Ավետիսյանին վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ և 9-րդ հոդվածի 10-րդ մասերով՝ Ալեքսանդր Ավետիսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
Միևնույն ժամանակ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 22 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական մասի հաջորդ թեկնածու Ալեքսանդր Ավետիսյանին:
Նոր պատգամավորը, համաձայն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի, երդվեց. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանությանն ու շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու մարդկային արժեքների պահպանման համար»:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել էր ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։