Դուք չեք ասում, ես ասեմ, ջհանդամ գյոռ․ 20 366 մարդ է հեռացել երկրից, աշխատատեղերն էլ կրճատվել են. Արթուր Խաչատրյան
Դուք ասում եք, թե շրջելու եք պատմության անիվը՝ արտագաղթը վերածեք ներգաղթի, բայց բացասական սալդոն 20 366 մարդ է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Ինչո՞ւ բյուջեից որոշեցիք հանել միջոցառումների նկարագրությունը, դրանով իսկ ծրագրային բյուջեն դեգրադացնելով և բերելով ծախսային բվյուջեի»,-դիմեց պատգամավորը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։
Ընդդիմադիր պատգամավորը նաև հետաքրքրվեց, որ երբ նախարարը հայտարարում է, թե փոխում են պատմության անիվը և արտագաղթը փոխվում է ներգաղթի, ապա ներկայացնի մեկնողների և վերադարձողների սալդոն, ինչպես նաև հիշատակված աշխատատեղերի աճի թվերը։
«Ինձ կասե՞ք, թե այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստանից ՀՀ անձնագիր ունեցող քանի քաղաքացի է մեկնել: Սալդոյի մասին եմ խոսում: Ասում էիք՝ աշխատատեղեր են ստեղծվել: Խնդրում եմ ասեք այս տարվա առաջին 6 ամիսներին ՀՀ-ում կրճատված աշխատատեղերի քանակի մասին, մասնավոր սեկտորում»,-ասաց Արթուր Խաչատրյանը:
Ֆինանսների նախարարից բավարար պատասխան չստանալով՝ պատգամավորը հայտարարեց. «Դուք չեք ասում, ես ասեմ, ջհանդամ գյոռ: Ուրեմն երկրորդ եռամսյակում նոր ստեղծված աշխատատեղեր՝ 15 700, կրճատված աշխատատեղեր՝ 16 900: Այսինքն մենք տեսնում ենք, որ աշխատատեղերը կրճատվում են: Դուք խոսում եք, որ հեսա-հեսա գալու ենք, շրջենք պատմության անիվը, բայց Հայաստանի փաստաթղթերով բացասական սալդոն կազմում է 20 366 մարդ»:
Ֆինանսների նախարարի խոսքով, զբաղվածության ուցանիշները եռամսյակներով նայելը ճիշտ չէ, քանի որ կա սեզոնայնության էֆեկտը: