Ռուսաստանը հայտնել է, որ Հայաստան զբոսաշրջային ուղևորությունների թիվը մոտ 85 հազարով կրճատվել է
Ռուսաստանից արտագնա զբոսաշրջային հոսքը 2024 թվականի 9 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23,2%-ով. զբոսաշրջության նպատակով արտերկիր կատարվել է 8,7 միլիոն ուղևորություն: Դրա մասին հայտնել է Ճանապարհորդական արդյունաբերության ռուսական միությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության վիճակագրությունը։
Հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով ուղևորությունների թվով առաջատարը Թուրքիան է։ Այդ երկիր կատարվել է 3,67 միլիոն զբոսաշրջային ուղևորություն, հաղորդում է Интерфакс-ը։ Դա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 7,8%-ով։ Արաբական Միացյալ Էմիրությունները զբոսաշրջային ուղղությունների շարքում երկրորդ տեղում է՝ 986,2 հազար ուղևորությամբ։ Երրորդ տեղում Եգիպտոսն է, որտեղ 9 ամսում զբոսաշրջության է մեկնել 834,6 հազար ռուս։
Չորրորդ տեղում Չինաստանն է՝ 715,5 հազար միավորով, ինչը ավելի քան 4 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հինգերորդ տեղում Թաիլանդն է, որտեղ զբոսաշրջության նպատակով մեկնել է 640 հազար ռուս։
Տասնյակում են հայտնվել նաև Աբխազիան (371,9 հազար), Հայաստանը (250,9 հազար, թեև անցյալ տարի եղել է 335,9 հազար), Վրաստանը (184,6 հազար), Ադրբեջանը (177,6 հազար ) և Ուզբեկստանը (146,4 հազար): Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կատարվել է 22,49 միլիոն արտասահման ուղևորություն։
Բոլոր նպատակներով արտագնա ուղևորությունների թվով առաջատարը Թուրքիան է, որտեղ իրականացվել է ավելի քան 5 միլիոն ուղևորություն: Երկրորդ տեղում Աբխազիան է (4,66 միլիոն), երրորդում՝ Ղազախստանը (2,21 միլիոն), չորրորդում՝ Չինաստանը (1,36 միլիոն), հինգերորդում՝ ԱՄԷ-ն (1,34 միլիոն)։ Տասնյակում են նաև Վրաստանը (1,06 միլիոն), Եգիպտոսը (1,03 միլիոն), Թաիլանդը (890,3 հազար), Հայաստանը (758,65 հազար), Ադրբեջանը (547,35 հազար)։