Վարչապետը կարող է լինել հակաեկեղեցական, քաղաքապետի թեկնածուն չի՞ կարող. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրիում «Բալասանյան դաշինքի» հարկադրված հրաժարականից հետո սկսել է ակտիվորեն շրջանառվել, թե առջեւում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են կայանալու, եւ հանրապետության երկրորդ քաղաքում քաղաքային իշխանությունը ստանձնելու ցանկություն ունեցող տարբեր ուժերի անուններ են հնչում։ Խոսակցություններ են շրջանառվում, թե ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը՝ իր թիմով։ Լուրեր են պտտվում, որ նրանք կմասնակցեն Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության ցուցակով, թեեւ Կարեն Պետրոսյանը հերքել է այդ լուրերը` չժխտելով իր մասնակցության պահը: Նա հանրության շրջանում հայտնի է հակաեկեղեցական պայքարից` Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ տարիներ առաջ կազմակերպած ակցիաներից, որի արդյունքում էլ ժամանակին պաշտոն ստացավ: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Վեհափառի հետ, հաճախ հանդիպում է նրան, եւ այդ առումով էլ քիչ հավանական է, որ նման թեկնածու կներկայացնի Գյումրու ընտրություններում: Քաղաքապետի այլ թեկնածուների անուններ էլ են արդեն շրջանառվում: ՔՊ-ն, օրինակ, հայտարարել է, որ իր թեկնածուն Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանն է: Մենք մի քանի հարց ուղղեցինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:
- Գյումրու քաղաքապետի աթոռին, ըստ լուրերի, հավակնում է եկեղեցու դեմ ակցիաներով հանդես եկած ոմն Կարեն Պետրոսյան: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքն այս մասին:
- Դա եղել է ուղիղ վեց տարի առաջ, այս վեց տարիների ընթացքում ի՞նչ է եղել, ի՞նչ է արել հակաեկեղեցական:
- Բայց կարծում եք` 6 տարում նրա հայացքները փոխվե՞լ են, փաստն այն է, որ նա ատում է Հայ առաքելական եկեղեցին:
- Այդ ակցիան եղել է 2018 թվականին, ես ո՛չ դրանից առաջ, ո՛չ էլ հետո չեմ հիշում նման բան: Ի՞նչ եք առաջարկում․ համ ասում եք՝ աթեիստն էլ է հայ, համ էլ ի՞նչ…. ամեն մարդ էլ իրավունք ունի թեկնածություն դնելու, դրել է՝ թող դնի, ի՞նչ խնդիր կա:
- Որպես Շիրակի թեմի առաջնորդ՝ նորմա՞լ եք համարում, որ նման մեկը քաղաքապետ դառնա:
- Ի՞նչ ասեմ, մի երկրում, որտեղ հոգեւոր արժեքները գերակա չեն, ցանկացած մեկն էլ կարող է դնել իր թեկնածությունը` ցանկացած պաշտոնի համար: Եթե վարչապետը կարող է լինել հակաեկեղեցական, եթե Ազգային ժողովի նախագահը կարող է լինել հակաեկեղեցական, է՝ քաղաքապետը կամ քաղաքապետի թեկնածուն չի՞ կարող լինել հակաեկեղեցական մեկը: Այստեղ մեկնաբանելու ոչինչ չկա:
- Բայց վարչապետն ու ԱԺ նախագահը գոնե անձամբ եկեղեցու դեմ բողոքի ակցիաներ չեն կազմակերպել...
- Բա ի՞նչ են, է, արել, ո՞վ էր եկեղեցականներին գետնին փռում: Ասֆալտին էր փռում նրանց, դրանից էն կողմ էլ ի՞նչ բացահայտ լիներ: Ազգային ժողովի նախագահն ինչ ասես, ասում է մեր հասցեին, դրանք թողած՝ վեց տարի առաջ ինչ-որ մեկի կողմից կազմակերպված ակցիան եք ասում….
- Մայր տաճարի վերաօծման արարողությանն իշխանություններն էլ էին հրավիրված, կարելի է կարծել, թե փորձում են եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորել:
- Ոչ մի հարաբերություն էլ չեն կարգավորել, այդ եկեղեցին էր փորձում հարաբերություն կարգավորել` եթե ուզում եք իմանալ: Բայց իշխանությունը ոչինչ էլ չարեց: Ամբողջ երկիրը ողողված է հակաեկեղեցական տարրերով ու հակահայ գործակալներով, Դուք զարմանում եք, որ Գյումրիում ինչ-որ մեկը թեկնածություն է դրել: Ինչի՝ ՔՊ-ի մեծ մասը կլինի հակաեկեղեցական, Գյումրու քաղաքապետի թեկնածուն չի՞ լինի: Իմ հասցեին ինչեր են ասում: Իմ մասին «պարոն Աջապահյան»-ով են խոսում:
- Ի՞նչ ունեն Ձեր դեմ:
- Իմ դեմ ոչ մի բան էլ չունեն, ինչպես որ ես իրենց դեմ չունեմ ոչ մի բան: Ուղղակի ուզում են իրենց ղեկավարին հաճոյանալ:
- Շիրակի մարզի բնակիչների մեջ աթեիստները, հակաեկեղեցականները շա՞տ են, կընտրե՞ն նման գաղափարներ ունեցող մեկին:
- Աթեիստները Շիրակի մարզում շատ չեն, ոչ էլ հակաեկեղեցականներն են շատ: Հուսամ, որ նման մարդիկ ձայներ չեն կարողանա հավաքել:
- Կա՞ այնպիսի մեկը, որին կցանկանայիք տեսնել որպես Գյումրու քաղաքապետ:
- Դեռ չեմ տեսնում նման մեկին, երբ տեսնեմ, կասեմ անպայման: