Պլաստիկ վիրահատությունից հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել
Արթկոսմեդ էսթետիկ բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո 56-ամյա կնոջ մահվան հանգամանքները դեռ չեն պարզվել։ Քրեական վարույթի շրջանակներում առ այս պահը որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում։ ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Հիշեցնենք, որ վերոնշյալ կենտրոնում պլաստիկ վիրահատության հետևանքով մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինս վիրահատվել է հոկտեմբերի 5-ին։ Կնոջ ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն է սկսել։ Վիրահատությունը կատարած պլաստիկ վիրաբույժ և կենտրոնի ղեկավար Արթուր Սարգսյանը հայտարարությամբ հանդես է եկել՝ կնոջ մահը կապելով սրտի կաթվածի հետ։ Արթկոսմեդ էսթետիկ բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելուց հետո 56-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը)։ Վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։