ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի համար թեկնածուների լայն ցանկ ունի. ֆեդերացիայի մամուլի քարտուղար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունները ազգային ընտրանու գլխավոր մարզչի թեկնածուների հետ:
«Կա մարզիչների բավականին լայն ցանկ, որոնց հետ ՀՖՖ-ն վարել և վարում է բանակցություններ: Այս պահին նպատակահարմար չենք համարում նշել անուններ՝ գործընթացին չխանգարելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը:
Հոկտեմբերի 13-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռացրել էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին, ով այդ պաշտոնին էր 2023 թվականի հունվարից:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը Fast Sport-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում են տարբեր թեկնածուների, որոնց թվում է նաև «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը, որն այս պահին մարզում է «Ռեալ»-ի երիտասարդական թիմը։