Յոավ Գալանտը նշել է Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնից իր ազատման երեք պատճառները
Յոավ Գալանտը երկրի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնից իր ազատումը բացատրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումը հետաքննող պետական հանձնաժողովի ստեղծման շուրջ տարաձայնություններով, Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման շուրջ վեճերով, ինչպես նաև ուլտրաուղղափառներին Իսրայելի պաշտպանության ուժեր զորակոչելու թեմայով։
Այդ հայտարարությունը նա արել է հրաժարականից հետո իր առաջին հեռուստաուղերձում, որը հեռարձակվել է իսրայելական հիմնական հեռուստաալիքներով։
«Առաջինը, իմ հաստատուն դիրքորոշումն է, որ զինվորական տարիքի յուրաքանչյուր մարդ պետք է կանչվի Իսրայելի պաշտպանության բանակում ծառայելու և պետք է պաշտպանի Իսրայել պետությունը»,- ասել է Յոավ Գալանտը:
Նրա խոսքով` Իսրայելը դեռևս պետք է լուծի տարածաշրջանում Իրանին և նրա արբանյակներին դիմակայելու լուրջ խնդիրները:
Նոյեմբերի 5-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գալանտին ազատել է զբաղեցրած պաշտոնից։ Նեթանյահուի խոսքով՝ Յոավ Գալանտը կայացրել է որոշումներ, որոնք տարբերվում են կառավարության պաշտոնական դիրքորոշումից։
Պաշտպանության նախարարությունում Գալանտի իրավահաջորդը Իսրայել Կացն է, ով զբաղեցնում էր Իսրայելի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը։