Ադրբեջանը չի համարում, որ կանոնակարգը որևէ բան է պարտավորեցնելու իրեն. վերլուծաբան
Վերլուծաբան Հովհաննես Բադալյանն անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների սահմանային հանդիպմանը, որի ընթացքում նրանք փոխանակվել են սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների կանոնակարգի «ներպետական ընթացակարգերի իրականացման մասին» ծանուցումներով:
«Նկատենք, որ այդ ընթացակարգերը եղել են տարբեր: Հայաստանում այդ ընթացակարգը ենթադրել է ՍԴ քննարկում, խորհրդարանի վավերացում, նախագահի ստորագրություն: Այսինքն, միջազգային պայմանագրի լիարժեք վավերացման ընթացակարգ: Ադրբեջանում եղել է ընդամենը նախագահի ստորագրությամբ կանոնակարգի հաստատում:
Ինչու՞ Ադրբեջանը չի ստուգել կանոնակարգի համապատասխանությունը իիր Սահմանադրությանը: Որովհետեւ Ադրբեջանը չի՞ պատրաստվում «հավատարիմ» մնալ այդ կանոնակարգին, թե՞ որովհետեւ Ադրբեջանը համարում է, որ այդ կանոնակարգով իրականացվելիք աշխատանքը իր համար որեւէ կերպ չի ենթադրելու այնպիսի իրավիճակ, երբ կարող է առաջանալ սահմանադրական «չափման» հարց: Ասել կուզի, Ադրբեջանը չի համարում, որ կանոնակարգը որեւէ բան է պարտավորեցնելու իրեն:
Սա է ըստ էության տարբերությունը: Հայաստանը ՍԴ-ով ու խորհրդարանով անցկացված լիարժեք վավերացման է տարել իրավիճակը, ըստ ամենայնի կանխավ ապահովելով փաստարկ, որի կարիքն իշխանությունը կունենա կանոնակարգով իրականացվող գործընթացում սահմանադրականության չափման անհրաժեշտության պարագայում: Այդ դեպքում «փաստարկը» կլինի այն, որ գործողությունը չունի առանձին վավերացման կարիք, քանի որ իրականացվում է մի կանոնակարգով, որը արդեն իսկ անցել է վավերացում:
Հայաստանի եւ Ադրբեջանի «ներպետական ընթացակարգերի» այդ տարբերությունը ըստ էության բավականին թափանցիկ կերպով ուրվագծում է այն հնարավոր անհավասարակշռությունը, որ առկա է լինելու սահմանազատման ու սահմանագծման գործընթացում»,֊ գրել է վերլուծաբանը։