Ինչո՞ւ Ադրբեջանը չի ստուգել սահմանազատման կանոնակարգի համապատասխանությունը իր Սահմանադրությանը
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
«Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները սահմանային հանդիպման ընթացքում փոխանակվել են սահմանազատման ու սահմանագծման հարցերի հանձնաժողովների կանոնակարգի «ներպետական ընթացակարգերի իրականացման մասին» ծանուցումներով:
Նկատենք, որ այդ ընթացակարգերը եղել են տարբեր: Հայաստանում այդ ընթացակարգը ենթադրել է ՍԴ քննարկում, խորհրդարանի վավերացում, նախագահի ստորագրություն: Այսինքն, միջազգային պայմանագրի լիարժեք վավերացման ընթացակարգ: Ադրբեջանում եղել է ընդամենը նախագահի ստորագրությամբ կանոնակարգի հաստատում:
Ինչու՞ Ադրբեջանը չի ստուգել կանոնակարգի համապատասխանությունը իր Սահմանադրությանը: Որովհետեւ Ադրբեջանը չի՞ պատրաստվում «հավատարիմ» մնալ այդ կանոնակարգին, թե՞ որովհետեւ Ադրբեջանը համարում է, որ այդ կանոնակարգով իրականացվելիք աշխատանքը իր համար որեւէ կերպ չի ենթադրելու այնպիսի իրավիճակ, երբ կարող է առաջանալ սահմանադրական «չափման» հարց: Ասել կուզի, Ադրբեջանը չի համարում, որ կանոնակարգը որեւէ բան է պարտավորեցնելու իրեն:
Սա է ըստ էության տարբերությունը: Հայաստանը ՍԴ-ով ու խորհրդարանով անցկացված լիարժեք վավերացման է տարել իրավիճակը, ըստ ամենայնի կանխավ ապահովելով փաստարկ, որի կարիքն իշխանությունը կունենա կանոնակարգով իրականացվող գործընթացում սահմանադրականության չափման անհրաժեշտության պարագայում: Այդ դեպքում «փաստարկը» կլինի այն, որ գործողությունը չունի առանձին վավերացման կարիք, քանի որ իրականացվում է մի կանոնակարգով, որը արդեն իսկ անցել է վավերացում:
Հայաստանի եւ Ադրբեջանի «ներպետական ընթացակարգերի» այդ տարբերությունը ըստ էության բավականին թափանցիկ կերպով ուրվագծում է այն հնարավոր անհավասարակշռությունը, որ առկա է լինելու սահմանազատման ու սահմանագծման գործընթացում»: