Անհնար է բավարարել իշխանության ու ընդդիմության բոլոր ցանկությունները․ Անահիտ Մանասյան
Մեր միջավայրում շատ հաճախ դիտավորյալ սխալ ընկալումներ են ձևավորվում տարբեր հաստատությունների գործունեության, այդ թվում ՄԻՊ հաստատության նկատմամբ: Այդ մասին ԱԺ-ում 2025թ-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցադրմանը։
«Շատ դեպքերում ՄԻՊ-ից ակնկալիքը քո կամ որոշակի խմբերի բոլոր ցանկությունները պարզապես բավարարելն է, որն անհնար է թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության պարագայում: Բոլորիս պարտականությունն է՝ պատշաճ հանրային ընկալում ձևավորել այն մասին, թե ինչպիսի մեթոդաբանությամբ պետք է աշխատի ՄԻՊ-ը»,- ասաց Անահիտ Մանասյանը:
Նրա գնահատմամբ, ՄԻՊ-ն այն հաստատությունը չէ, որ կարող է միայնակ պետությունում եղած բոլոր խնդիրները լուծել, շատ կարևոր է տարբեր դերակատարների՝ թե՛ պետական մարմինների, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, թե՛ միջազգային կառույցների հետ պատշաճ համագործակցության միջավայրը: