Օպերայի բակի «սարսափ ժանրում» ներկայացվող տեսանյութը Փարաջանովի 100-ամյակի մասին է․ խայտառակվելուց առաջ՝ կարելի էր պարզել

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ օգտատերը «սարսափահար» պատմում է, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում «սարսափելի» բաներ են կատարվում։
Իհարկե, այսօր բոլորը փորձում են ինքնահաստատվել սոցցանցերում հրապարակած տեսանյութերի ու «սենսացիոն» թվացող ինչ-որ հրապարակումների միջոցով։ Սակայն ավելի վատ է, որ թե՛ նրանք, թե՛ այդ ճանապարհով տեղեկություն ստացող քաղաքացիներն այնաստիճան կիրթ չեն, որպեսզի ճշտումներ անեն՝ տեղեկատվության հետ կապված։
NEWSPRESS.am-ը հարկ է համարում տեղեկացնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 21-ին և 22-ին՝ ժամը 19:00-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Այնպես որ, խայտառակվելուց առաջ, պետք էր պարզապես մտնել Օպերայի շենք և իմանալ, որ նախապատրաստվում են հոբելյանական երեկոյի, որի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ֆիլհարմոնիան և Փոքր թատրոնը։
Իսկ թատրոնի տարածքն այդ տեսքով ձևավորելը պարզապես կինոյի մեծ ու ինքնատիպ վարպետ Փարաջանովի յուրօրինակ ու ինքնատիպ ոճն է ու բովանդակությունը։
Այլ կերպ ասած` Ազատության հրապարակում, օպերային թատրոնի նախասրահում և կտուրի հատվածում տեղադրվել են արտ-ինստալյացիաներ, իսկ բուն ներկայացումը կցուցադրվի թատրոնի բեմում:
Արմինե Մկրտումյան