Տպավորություն է, որ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում՝ քրեական գործեր են հարուցում, մեղադրյալ չկա․ Մանուկ Սուքիասյան
Պարոն Ավինյան, որ ոլորտում դուք գործունեություն եք ծավալել, քրեական գործերի ուրվականներն ուղեկցում են ձեզ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երևանի ավագանու նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:
«10 մլրդ դրամ մսխվել է ԱՆԻՖ-ի գծով, կա քրեական գործ, մեղադրյալ չկա, քովիդի հետ կապված կան քրեական գործեր, մեղադրյալ չկա: Քաղաքապետարանի հետ կապված էլ կան տարբեր քրեական գործեր, մեղադրյալներ չկան»,- ասաց նա:
Ավինյանն ընդհատեց ելույթը և ասաց. «Մի րոպե, հանգիստ, հանգիստ: Ուրեմն մենք ունենք ավագանու նիստից դուրս ֆորմատներ, որտեղ դուք կարող եք նմանատիպ ելույթով հանդես գալ և ասել այն, ինչ հիմա ուզում եք ասել: Բայց օրակարգի քննարկման ժամանակ օրակարգի հարցին վերաբերող պետք է լինի և՛ հարցը, և՛ ելույթը»:
Այս խոսքից հետո իրավիճակը մի փոքր լարվեց, տեղից հնչեցին ռեպլիկներ, ինչին քաղաքապետն արձագանքեց. «Հանգիստ, ժողովուրդ ջան, խնդրում եմ՝ իրար նկատմամբ հարգանքով: Հարգելի գործընկերներ, սա տգեղ է»:
Մանուկ Սուքիասյանը շարունակեց. «Ձեր մատնացույց արած ֆորմատները հարցուպատասխաններ են, իսկ քանի որ այս նիստին մտքերի փոխանակումներ չկան, դրա համար հատուկ շեշտեցի, որ հարկադրված եմ խոսել այդ հարցերի վերաբերյալ այս ֆորմատով: Մնացած հարցերը, որոնք վերաբերում են կոռուպցիոն դրսևորումներին, հովանավորչություններին, եթե դուք դրանք դարձնեիք զեկուցվող, ես դրա շրջանակում կխոսեի:
Տպավորություն է, որ կամ մեր իրավապահ համակարգը պարանոյայով է տառապում, ուղղակի հենց այնպես քրեական գործեր են հարուցում ու այդպես էլ մեղադրյալ չկա, կամ էլ իրականում հանցակազմը լավ էլ երևում է, բայց փաստացի գործ ունենք գործերի անարդյունավետ շարունակելու հետ: Էլ չեմ խոսում քաղաքի կեղտաջրերի հեռացման համակարգի հետ: Որ ուղղությամբ նայում ես՝ վրիպումներ, բացթողումներ»,- ասաց նա։