Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային ՀՀ ինքնիշխանությանը սատարելու վճռականության համար
Ժնեւում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Միջխորհրդարանական միությունում Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Քսավիե Յակովելլիի հետ: Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերությունների բազմակողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատար կանգնելու վճռականության, ինչպես նաեւ հայ ժողովրդի խաղաղության ու ժողովրդավարության ձգտումներին ցուցաբերած օժանդակության համար: Բացի այդ, ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի դերը Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության տեղակայման, ինչպես նաեւ եվրոպական խաղաղության գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրման հարցում:
Քսավիե Յակովելլին իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին հանդիպման համար ու նշել, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է իր արդար ու ժողովրդավարական նկրտումների ճանապարհին:
Կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների միջխորհրդարանական հարաբերություններին վերաբերող հարցեր: