Մանթաշյանը և ՏիկՏոկ-ի ներկայացուցիչները քննարկել են հանրության վրա ազդեցությունը և տարվող աշխատանքը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին:
Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, Մանթաշյանն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների, դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու հետ կապված հարցերին, թվային գրագիտությանը և այլն: Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ պայմանավորված ԱԲ միջոցով պատկերների ստեղծմամբ, ապատեղեկատվության տարածման խնդիրներին և ԱԲ կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։
Սերգեյ Սոկոլովը ներկայացրել է վերջին տարիներին գործադրված ջանքերը և խնդիրների կանխարգելման նպատակով ընկերության կողմից տարվող աշխատանքները, նոր գործառույթների ներգրավման գործընթացները և տարբեր ոլորտներին առնչվող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ հայաստանյան «ՏիկՏոկ»-ում տարվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նշյալ խնդիրների շուրջ հետագա քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն: