Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վարույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու վերաբերյալ հարուցված քրեական վարույթը գտնվում է նախաքննության փուլում՝ մեռած վիճակում։ Որևէ մեկին, այդ թվում՝ Ս․Շահրամանյանին նշված վարույթով մեղադրանք չի առաջադրվել։ Այդ մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Քննիչին և հսկող դատախազին հասցեագրված տասնյակ միջնորդություններ մնում են անհետևանք։ Մինչև հիմա պարզ չէ, թե կոնկրետ ինչ փաստական տվյալների հիման վրա է առգրավվել նախագահին սպասարկող ավտոմեքենան։
Թմրանյութերի ապօրինի շրջանառման վարույթն այլևս դուրս է թեմայի շրջանակներից, քանզի նշված վարույթով Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան քննիչի կողմից առգրավվելուց հետո մեկ այլ քննիչ մեկ այլ վարույթով այդ նույն ավտոմեքենան առգրավել է թմրանյութերի գործը քննող քննիչից»,- մանրամասնել է փաստաբանը։