Քննարկվում են նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները
Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air Group ընկերության համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է Գերմանիայում, Իտալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը։ Հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Wizz Air ընկերության աջակցությամբ իրականացվել է նաև զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցերը, որի շրջանակներում Հայաստանը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների։
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներն ընդունել են Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման ծրագրերը, նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։