Գիլոյանը նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հոկտեմբերի 9-ին Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հիմնադիր խորհրդի անդամ՝ 3 տարի ժամկետով:
Այս պաշտոնում նա ներկայացնելու է Եվրոպայի խորհուրդը:
WADA-ի 42 անդամներից բաղկացած խորհուրդը որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է: Այն կազմված է հավասարապես օլիմպիական շարժման և հանրային իշխանությունների ներկայացուցիչներից:
Ներկայում խորհրդի գրեթե կեսը (20/42) կազմված է միջազգային ակտիվ կամ նախկին մարզիկներից:
«Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիային Հայաստանն անդամակցում է 2010 թվականից: WADA-ն մշակում է հակադոպինգային ընդհանուր ստանդարտներ և հակադոպինգային օրենսգիրք, որոնք ենթակա են պարտադիր կատարման անդամ բոլոր պետությունների կողմից: Միայն պետությունների կողմից WADA-ի օրենսգրքի համապատասխանության և անդամավճարի վճարման պայմանով են Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) և Միջազգային մարզական ֆեդերացիաները թույլ տալիս պետությունների մարզական պատվիրակություններին մասնակցել Օլիմպիական խաղերին: