ԱՊՀ երկրները միասին քրեակատարողական ծառայության համար կադրեր կպատրաստեն. Նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 10-ի նիստում հավանություն տվեց ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին համաձայնագրին:
Համաձայնագրով կարգավորվում է համապատասխան կադրերի պատրաստման կազմակերպման կարգը: «Համաձայնագրի կնքումը նպատակ է հետապնդում ժամանակակից աշխարհի մարտահրավերներին համապատասխանող ԱՊՀ ՔԿ ծառայությունների համար բարձր մակարդակի կադրերի պատրաստում, ինչպես նաև տվյալ բնագավառում փոխգործակցության արդյունավետ մեխանիզմների ստեղծում»,– ասված է որոշման մեջ։
Նախատեսվում է, որ տվյալ բնագավառում ԱՊՀ պետությունների միջև համագործակցությունը կիրականացվի իրավասու մարմինների միջոցով՝ ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորությունների համաձայն:
Նշվում է, որ քրեակատարողական ծառայությունների համար կադրերի պատրաստումը կիրականացվի ընդունող կողմի կրթական հաստատությունների ծրագրերի՝ օրենսդրությամբ սահմանված չափանիշների և սահմանափակումների պահպանմամբ, իսկ ուսուցման թեկնածուների ընտրությունը կիրականացնի ուղարկող ԱՊՀ երկիրը:
Ըստ փորձագիտական գնահատականի` համաձայնագրի ստորագրումը կնպաստի ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստմանը: