Բացահայտվել է 21-ամյա երիտասարդի առանձնակի դաժանությամբ սպանությունը
Այս տարվա հուլիսի 17-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Ֆ․ Գ․-ն և հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 16։00-ի սահմաններում իր թոռնիկը՝ 21-ամյա Հայկ Մ․-ն, դուրս է եկել տանից՝ Դիլիջան կամ Սևան մեկնելու և ընկերների հետ հանգստանալու նպատակով, սակայն քանի օր է ինքը իր թոռնիկից ոչ մի տեղեկություն չունի, ինչպես նաև նրա գտնվելու վայրը իրեն հայտնի չէ։
Նույն օրը ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները գործի են անցել՝ սկսելով որոնողական աշխատանքներ, սակայն այն արդյունք չի տվել։
Օրեր անց ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի, ինչպես նաև Լոռու մարզային քննչական վարչության և նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները մի քանի վարկածների ուղղությամբ են աշխատել, եղել են Հանրապետության մի քանի մարզերում, Ստեփանավան քաղաքում և դրան հարակից մի քանի գյուղերի վարչական տարածքներում գտնվող դաշտերում, ձորերում, անգամ անանցանելի վայրերում, մոտ 100 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն արդյունքի չեն հասել։
Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները, ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ, իրականացնում են հսկայածավալ քննչական գործողություններ, որը իր դրական արդյունքն է տալիս։
Քննիչներին հաջողվում է տեղեկանալ, որ տեղի է ունեցել սպանություն ու օրերի ընթացքում պարզում են՝ որտեղ է ենթադրյալ վայրը, որտեղ սպանությունը կատարելուց հետո թաքցրել են մահացածի մարմինը։
Այսօր Լոռու մարզային քննչական վարչության, նույն վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Լոռու մարզային քննչական վարչության, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերում են կասկածելի հողաթումբը և դեպքի վայր են հրավիրում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին ու հատուկ տեխնիկա (տրակտոր)։
Փրկարարները, քանդելով նշված վայրը, հայտնաբերում են մոխրացած, ամբողջովին քայքայված դի։