Պատժամիջոցները գոյության իրավունք չունեն․ Ալիևը՝ ԱՄՆ պատժամիջոցների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միացյալ Նահանգներին մեղադրել է «անշնորհակալ լինելու» մեջ։ Այդ մասին Ալիևը հայտարարել է Մոսկվայում «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով ամերիկյան պատժամիջոցների մասին։
«Մեզ վրա պատժամիջոցներ են կիրառվել 1992-ին՝ մտացածին մեղադրանքով, որ մենք շրջափակել ենք Հայաստանը, այն ժամանակ, երբ մեր տարածքները գտնվում էին հայկական օկուպացիայի տակ։ Այս պատժամիջոցները հանվել են 2001-ին, երբ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ էր իրականացնել իր բեռների փոխադրումը օդային, ցամաքային և ծովային ճանապարհով դեպի Աֆղանստան՝ Ադրբեջանի տարածքով: Եվ ամեն տարի Միացյալ Նահանգների նախագահը, անկախ կուսակցական պատկանելությունից, այդ պատժամիջոցները չեղյալ էր հայտարարում մինչև այն պահը, երբ Միացյալ Նահանգները փախավ Աֆղանստանից: Դրանից հետո այդ պատժամիջոցները մեզ վրա սահմանվեցին։ Եվ երբ ես նրանց մեղադրեցի անշնորհակալ լինելու մեջ, կարծում եմ, որ դա ամենամեղմ բառն է, որ կարելի է օգտագործել այս համատեքստում»,- ասել է նա։
Ալիևը կարծում է, թե պատժամիջոցների քաղաքականությունն ընդհանրապես գոյություն ունենալու իրավունք չունի․ «Առավել ևս, երբ այդ պատժամիջոցներն անօրինական են և կիրառվում են միանգամայն անհիմն և ընտրողաբար։ Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատժամիջոցների, և կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է համախմբված արտահայտի իր դիրքորոշումը։ Մենք ազգային կարգավիճակով այդ դիրքորոշումն արտահայտում ենք»։