Անահիտ Ավանեսյանը մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի կամ Բելառուսի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանում գործում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը, որը ենթադրում է, որ պետք է ԵԱՏՄ անդամ պետություններում, այդ թվում՝ ՀՀ-ում ևս, ծխախոտները լինեն միանման փաթեթավորմամբ, պարունակեն մարդու առողջությունը վտանգող ահասարսուռ տեսարաններով նկարներ՝ դրանով նպաստելով ծխախոտի օգտագործման դեմ պայքարին:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մեր երկրում շարունակվում են (իհարկե փակ ստենդներից) վաճառվել «ոչ սարսափելի տեսարաններով», գեղեցիկ դիզայնով ծխախոտի տարբեր արտադրանքներ:
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ հետաքրքրվելով՝
1. հետևողական եղե՞լ եք արդյոք կառավարության առաջարկով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի կիրառման արդյունքներին։ Օրինակ՝ տնտեսվարողների քանի՞ տոկոսն է ծխախոտը վաճառում նշված կանոնակարգին համապատասխան,
2. օրենքի կիրառման քանի՞ խախտում է արձանագրվել,
3. ի՞նչ ընթացք են ունեցել բացահայտված դեպքերը,
4. կա՞ն հստակ անձինք, որոնք ենթարկվել են պատասխանատվության՝ օրենքի խախտման համար:
Այս հարցերին ՀՀ առողջապահության նախարարությունից 4 էջ պատասխան են գրել՝ տեղեկացնելով, որ գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Ավոյանը 2023 թվականի հունիսին, ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ, ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ծավալել՝ միատեսակ փաթեթավորման ներդրման վերաբերյալ, սակայն Ղազախստանն ու Ղրղզստանը դեռ դիրքորոշում չեն հայտնել, իսկ ՌԴ-ն և Բելառուսը հայտնել են, որ այս պահին նպատակահարմար չէ միատեսակ փաթեթավորման կիրառումը, ու քանի որ կոնսենսուս չկա. հարցը դեռ չի լուծվել:
Մյուս հարցերի մասով առողջապահության նախարարությունը պատասխանատու չէ: Ստացվում է, որ առողջապահության ոլորտի թիվ մեկ կազմակերպիչ Անահիտ Ավանեսյանը, որ հաճախ է խոսում ծխախոտի դեմ պայքարի մասին, մեր երկրում ընդունված օրենքի կիրառման բացակայությունը կապում է ՌԴ-ի, Բելառուսի կամ այլ պետությունների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։