Կարի ֆաբրիկայի ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 23 հասցեում գործող կարի ֆաբրիկայում վերելակն ընկել է քաղաքացու վրա և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ տեղում պարզվել է, որ «ԻՋ ԳՐԱՆՏ ՏԵՔՍՏԻԼՕՊՏ» ՍՊԸ կարի ֆաբրիկայի բեռնատար վերելակը պոկվել է ճոպանից և ընկել, ինչից աշխատակից, ՌԴ քաղաքացի 42-ամյա Գրանտ Աֆանասևի ոտքը մնացել է վերելակի և պատի արանքում:
Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ տուժածի ոտքը տեղի ուժերով դուրս է բերվել:
Աղբյուրի տեղեկություններով՝ նա ստացել է ոտքի բաց վնասվածք։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են բավարար, իսկ նա նշված ֆաբրիկայի տնօրենն է։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերելակը ինքնաշեն է։