Ավարտվեց «Թատերական Լոռի» փառատոնը
Ալավերդիում տեղի ունեցավ «Թատերական Լոռի» միջազգային 30-րդ փառատոնը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժող․ արտիստ Վահե Շահվերդյանին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, ով տեղեկացրեց, որ փառատոնը այսուհետ երկու տարին մեկ անցկացվելու փոխարեն կանցկացվի ամեն տարի։ Ելույթներ ունեցան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, «Լոռվա Ձոր» հայրենակցական միության նախագահ Գարեգին Մկրտչյանը, Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը, Մախաչկալայի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն-գեղարվեստական ղեկավար Ամինաթ Յախյաևան, ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը «Թատերական Լոռի» փառատոնի կազմակերպմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար միության «Ոսկե մեդալով» պարգևատրեց Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանին, Աբելյանի թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանին և Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանին։
Թատերական Լոռիին այս տարի հայտ էին ներկայացրել և մասնակցեցին 13 թատրոն, 15 բեմադրությունով՝ Հայաստանից և Ռուսաստանի Դաշնությունից:
Ընդհանուր առմամբ Ալավերդի, Վանաձոր և Տաշիր քաղաքներում խաղացվել է շուրջ 22 ներկայացում, ունենալով ավելի քան տասներկու հազար հանդիսատես:
Փառատոնը մեծ մասսայականություն է վայելում, ինչը վկայում էր հանդիսատեսի աննախադեպ ակտիվությունը։ Եղան օրեր, երբ դահլիճում մինչև 100 աթոռներ էին ավելացվում, սակայն հանդիսատեսից շատերն այդ դեպքում էլ տեղերի պակասության պատճառով ներկայացումներին հետևում էր կանգնած։ Այս տարի Ալավերդու համայնքապետարանի աջակցությամբ փառատոնին մասնակցել են նաև Ալավերդի համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչները, որոնց կազմակերպված ավտոբուսային երթերով տեղափոխել են թատերասրահներ։
Փառատոնը համընկավ նաև Ալավերդու դրամատիկական թատրոնի նոր շենքի բացմանը, որի փոքրիկ ու գողտրիկ դահլիճում «Արմմոնո» նախագծով ներկայացվեց «Վարեչկա» մենաներկայացումը, իսկ Դաղստանի պետական տիկնիկային թատրոնը հանդես եկավ մանկական ներկայացմամբ։
***
Թատերական Լոռի Փառատոնը չունի ժանրային սահմանափակումներ, և նպատակն է լոռեցի և մասնավորապես ալավերդցի հանդիսականին հասանելի դարձնել թատերական և այլ բնույթի ներկայացումներ։ Փառատոնը մեր երկրի ամենահին թատերական փառատոնն է և անց է կացվում 1979 թվականից։ Փառատոնի ակունքներում կանգնած են՝ Կոլյա Կոնինյանը, Ռուբեն Հակոբյանը և Ռուսլան Սադաղյանը։ 1980-ականներից կազմակերպիչ աջակիցներն են եղել Վալերի Պարանյանը, ՀՀ ժող․ արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը և ուրիշներ։ Փառատոնը մշատապես եղել է ՀԹԳՄ նախագահներ՝ ՀՀ ժող. արտիստ Երվանդ Ղազանչյանի, ապա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի ուշադրության կենտրոնում։
1989 թվականից փառատոնի տնօրենը Հրաչյա Պապինյանն է։
«Թատերական Լոռի» Փառատոնի կազմկոմիտե