Ակտիվացրե՛ք ջանքերը, ապահովե՛ք Ադրբեջանում պահվող հայ գերիների անվերապահ ազատ արձակումը. Լիլիթ Գալստյան
ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում․
«Հարգելի գործընկերներ,
Փաստը, որ բնապահպանության և մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներ արձանագրած Ադրբեջանն ընդունելու է COP29-ը, շատերին ցնցեց: կլիմայի փոփոպության խնդիրներին նվիրված այս կարևորագուն հավաքը Բաքվում հրավիրելու որոշումն ընդունվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ռազմական վայրագ ագրեսիայից հետո, որն հարկադրեց Արցախի 120,000 հայ ազգաբնակչությանն անվերադարձ հեռանալ հայրենիքից:
Ադրբեջանի կողմից ողջ հայ բնակչության բռնի տեղահանումն ըստ էության սահմանվում է որպես էթնիկ զտում, որը հանցագործություն է մարդկության դեմ։
Ակնհայտ է, Ադրբեջանն օգտագործելու է բնապահպանական այս հավաքը՝ սրբագրելու սեփական հեղինակությունը, մինչդեռ իրականում ռեժիմը շարունակում է Հայաստանի նկատմամբ ռազմատենչ վարքագիծը, ոտնահարելով սեփական ժողովրդի բոլոր հիմնարար իրավունքները։
ներկայումս Բաքվի բանտերում են հայ ռազմագերիները և կալանավորված այլ անձինք, որոնցից շատերը գերեվարվել են զանգվածային տեղահանման ժամանակ։ Նրանց թվում են 2023 թ․ սեպտեմբերին անօրինական ձերբակալված և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարները։
Այս անձանց դատավարությունները զուտ քաղաքական հետապնդումներ են, որոնք օրինականության և արդարության հետ ոչ մի աղերս չունեն: Առանց որևէ ապացույցի կամ պատշաճ ընթացակարգերի կամայական կալանավորումը միջազգային բոլոր նորմերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի բացահայտ ոտնահարում են։
Թեև Կանադան, ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան բազմիցս կոչ են արել անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և բոլոր կալանավորվածներին, սակայն ոչ մի վճռական գործողություններ չեն ձեռնարկվել միջազգային իրավունքի սկզբունքների պահպանումն ապահովելու համար:
Փոխարենը, COP29 կլիմայական գագաթնաժողովի նախօրեին Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ տասնյակ պատգամավորների մուտքը երկիր։
Սրանք այն պատգամավորներն էին, որոնք ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման կողմ էին քվեարկել։
Հարգելի գործընկերներ,
Հնարավոր չէ կլիմայական արդարություն ապահովել առանց համարդկային արդարություն:
Ի վերջո, մեր կազմակերպությունը հիմնված է այն համոզմունքի և արժեքների վրա, որ բոլոր մարդիկ և ազգերը հավասար են իրենց իրավունքների և պարտականությունների մեջ:
Միջազգային հանրությունը ձախողել է Արցախի խնդրի հանգուցալուծումը, թույլ տալով ցեղասպանական գործողություն իրականացնել նրանց դեմ։ Սա նոր անարդարությունների և անպատժելիության ճանապարհ է բացում այլոց համար։
Կոչ եմ անում իմ գործընկերներին ակտիվացնել ջանքերը, տեր կանգնել այս մոռացված պատերազմի զոհերին, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։
Սա միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության խնդիր չէ։
Սա արդարություն է ողջ մարդկության համար»։