Սիսիանի ՔՊ-ական համայնքապետը հրաժարական կտա. Նա ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրերս տեղի ունեցած ՔՊ վարչության նիստում որոշել են, որ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պետք է հրաժարական ներկայացնի: Քաղաքական իշխանությունը բացահայտել է, որ ՔՊ-ական քաղաքապետը հայրենի ընդդիմության հետ սերտ կապերի մեջ է եղել:
Ավելին՝ ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի, Հակոբջանյանի հրաժարականի հարցը բարձրաձայնել է նույն մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը:
Նկատենք, որ Արմեն Հակոբջանյանը Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդին է: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նախկինում քրեական գործերով անցնող Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եղբորորդուն նշանակել էր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել նաեւ նույն մարզի ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հետ, ով հորդորեց մեզ գրավոր հարցում ուղարկել»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում