Անկախության օրն Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում
Առաջին անգամ՝ սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ ներկայացված Սատաղղից գտնված և Անահիտ աստվածուհուն վերագրվող հայտնի բրոնզե արձանից պահպանված գլուխը ու ձեռքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Այն կցուցադրվի տասնյակ տարբեր ժամանակաշրջաններին պատկանող մայրության թեմային վերաբերող հնագիտական, ազգագրական, դրամագիտական, արվեստի ցուցանմուշների հետ համադրությամբ։
Հանրահռչակման նպատակով՝ այս կարևոր միջոցառումը պատշաճ հանրայնացնելու, հասարակության առավել լայն շրջանակներին հաղորդակից դարձնելու կարևորությունից ելնելով՝ անհրաժեշտ է ցուցահանդեսին ընդառաջ իրականացնել նաև թվային, ֆիզիկական գովազդային արշավ՝ համապատասխան մարքեթինգային գործիքակազմով: Այդ նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:
Ցուցահանդեսի հանրահռչակման ազդագրերը կտեղադրվեն Երևանում, իսկ թվային տեխնոլոգիաներով հանրահռչակումը՝ հանրապետության ողջ տարածքով:
Միաժամանակ նախատեսվում է նաև, մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա կապակցությամբ զուգահեռ իրականացնել ցուցադրությանը նախորդող էտյուդային ֆլեշմոբ քաղաքի 8-10 տարբեր կետերում պլաստիկ փերֆորմերների և մարդարձանների, ինչպես նաև երեխաների մասնակցությամբ քաղաքացիների ցուցահանդեսի բացման և արձանի ժամանման իրազեկման նպատակով։