Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն
Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություններ օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների արտահանման դեպքում կսահմանվեն պատասխանատվության նորմեր:
Խնդիրն այն է, որ ԵԱՏՄ երկրների մասով ցամաքային փոխադրումների դեպքում գործում է տարանցիկ հայտարարագրման համակարգ, իսկ երրորդ երկրներ արտահանելիս բոլոր դեպքերում առկա է հայտարարագրման ընթացակարգ: Մինչդեռ օդային տրանսպորտով փոխադրման դեպքում չունենք հայտարարագրման ընթացակարգ եւ պատասխանատվության միջոցներ: Այս մասին նշել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը՝ ԱԺ նիստում ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումները և փոփոխությունը:
Կսահմանվի պատասխանատվություն արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց 500.000 դրամից ոչ ավելի՝ իրավախախտման կատարման պահին առկա ապրանքի առկայության դեպքում նաև դրա բռնագրավմամբ:
Հարցուպատասխանի ընթացքում հիմնական զեկուցողը մանրամասնել է, թե որ ապրանքների մասին է խոսքը: Ըստ այդմ՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են դառնալ երկակի կամ ռազմական նշանակության ապրանքներ: Սահմանվել է նաեւ, որ երկակի նշանակության ապրանքների համար գործող թույլատվական համակարգը գործում է նաև այս տեսակի ապրանքների համար:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժղովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Կարեն Համբարձումյանը: