Լրամշակվել են ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների աճի զսպմանն ու նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ծրագրի միջոցառումներից մեկը վերաբերում է ծնունդների, կեսարյան հատումների փոխհատուցման ֆինանսավորման մեխանիզմների վերանայմանը: Այսուհետ առողջապահության նախարարի հրամանով` բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կնետրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր: Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր:
Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները: